Ժան Ժորեսի մահվան 100-ամյա տարելիցի առիթով ֆրանսիացի պատգամավորների եւ հայկական հարցի շուրջ ակտիվիստների մեծ պատվիրակությունը՝ Բրյունո Լե Ռուի գլխավորությամբ, երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայկական հարցի պաշտպանության ֆրանսիական կոմիտեի հրավերով ժամանել է Երեւան:
«Nouvelles d'Arménie»-ը հայտնում է, որ պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության թանգարանի միջոցառումներին, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Ժան Ժորեսը եւ հայերը» թեմայով համաժողովին: Այցի ընթացքում տեղի կունենա Ժորեսին եւ հայկական հարցին նվիրված ցուցադրություն:
Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուազա Դյուման, Ռենե Ռուկեն, Պասկալ Փոփլենը, Էրվան Բինեն, Նատալի Նիզոնը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը եւ այլք:
Նշենք, որ ֆրանսիական եւ միջազգային սոցիալիստական շարժման գործիչ Ժոն Ժորեսը սպանվել է 100 տարի առաջ: Վերջինս 1897թ. Ֆրանսիայի պատգամավորների պալատում հայերի զանգվածային սպանությունը դատապարտող միակն գործիչն է եղել: Նա ասել է. «Մարդկությունը այլեւս չի կարող ապրել՝ նկուղներում պահելով սպանված ժողովրդի դին»:




























