ՀՀ կառավարությունն ուշադրություն չի դարձնում սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրապետության Վերահսկիչ պալատի բացահայտումներին, սեպտեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա ընդգծել է, որ անձամբ է զրուցել Երեւանի քաղաքապետի հետ՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներ անորակ եւ ժամկետանց հավի միս մատակարարելու մասին: «Մենք պահանջում ենք, որպեսզի Սննդամթերքների անվտանգության պետական տեսչությունը ավելի զգոն հետեւի հասարակական հաստատություններում սննդի վիճակին, այդ թվում՝ մանկապարտեզներում եւ դպրոցներում», - հայտարարել է Բախշյանը:
Ըստ նրա՝ բավական է հետեւել գոնե հանրապետության Վերահսկիչ պալատի եզրակացություններին, որը նշել է խախտումները, սակայն խնդիրը չի լուծվում:




























