ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ մրցակցություն չկա: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, որը հատուկ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, ապա այն  մտադիր չէ իր տեղն ինչ-որ մեկին զիջել: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի իշխող սոցիալիստական կուսակցության ղեկավար Բրյունո Լե Ռուն՝ մեկնաբանելով Ադրբեջանում շրջանառվող տեսակետը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սպառել է իրեն:

Նա նաեւ նշել է, որ չպետք է ուշադրություն դարձնի Ադրբեջանի կարծիքին, որը սխալ է:

Ըստ Լե Ռուի՝ Սոցիալիստական կուսակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում սատարում է Ֆրանսիայի նախագահի ջանքերին, չնայած որ վերջին ժամանակներս բազմաթիվ սադրանքներ են տեղի ունենում: «Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ ղարաբաղյան հարցը խաղաղ լուծում կստանա»:

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվել է Ադրբեջանում հայ գերու մահվան հարցը, ինչպես նաեւ անհանգստություն հայտնվել  շփման գծում  լարվածության կապակցությամբ: «Ես չէի ցանկանա գլոբալ գնահատականներ տալ, սակայն նշեմ, որ կատարվող դեպքերը դեռ հույս չեն ներշնչում ասելու, որ նման բանից կարելի է խուսափել»: