Ազգային ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում 143 օրենք է ընդունվել, որից 136-ի հեղինակը կառավարությունն է եւ միայն 7-ինը՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնություն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկումը ներկայացնելիս հայտարարեց «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նրա խոսքով՝ սա իհարկե նոր միտում չէ, սակայն նոր է հարաբերակցությունը, քանի որ նախորդ նստաշրջանում տոկոսային հարաբերակցությունը կազմել է 87/13, իսկ 5-րդ նստաշրջանում՝ 95/5:

«Այժմ ԱԺ-ի նախաձեռնողականությունը նվազել է մինչեւ 5% եւ սահմանափակվում է միայն 7 օրենսդրական նախաձեռնություններով», - ընդգծեց Լուսինե Վասիլյանը: Այս անգամ խորհրդարանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել արտահերթ եւ հերթական նստաշրջաններում ընդունված օրենքների հարաբերակցությամբ. Ընդունված օրենքների կեսից ավելին՝ 77 օրենք, խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանների ընթացքում, իսկ 66 օրենքներ ընդունվել են խորհրդարանի գարնանային հերթական նստաշրջանի 5 ամիսների ընթացքում: ԱԺ-ի գործունեության մասին հրապարակված զեկույցի համաձայն, 5-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից 54-ը վերաբերում են պետաիրավական ոլորտին, 41-ը՝ սոցիալ-տնտեսական, 18-ը՝ պաշտպանության եւ 14-ը՝ գյուղատնտեսության ու կրթության ոլորտներին:

Նկատենք, որ Հայաստանի ԱԺ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի դիտարկման արդյուքներին վերաբերող զեկույցը հրապարակվել է «Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից: Զեկույցը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների եւ parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրեր տվյալների համադրմամբ: