Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ տարիներն ու քաղաքակրթությունը չեն ազդում այդ երկրի վրա, որն ամեն անգամ փորձում է կտրել հայկական կողմի մեկնած ձեռքը: Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Էրդոզանի այն հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են ղարաբաղյան հարցի լուծմամբ:

«Մենք Թուրքիային օգնության ձեռք ենք մեկնում, իսկ նրանք  ձգտում են կտրել այն: Ես դեմ եմ Թուրքիայի նախագահին  որեւէ նամակ փոխանցելուն, քանի որ մեզ համար ակնհայտ է, որ թուրքը մնում է թուրք, եւ ցավոք,  տարիները եւ քաղաքակրթությունն ի զորու չեն նրանց  փոխել այն աստիճան, որպեսզի կարողանան հասկանալ իրենց արարքի ծավալները:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Ցեղասպանությունը ճանաչելու կամ արածի հետեւանքները մեղմելու ուղղությամբ քայլեր անելու փոխարեն՝ նրանք միավորվում են, որպեսզի ավելի արդյունավետ իրականացնեն  Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,- ընդգծել է Ռուստամյանը: Ըստ նրա՝ այս հանգամանքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են  մնալ Ցեղասպանությունն իրագործողների իրավահաջորդները: 

Ռուստամյանը նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է  հրաժարվի Թուրքիային քաղաքակիրթ ուղու վրա դնելու փորձերից: