Ագրարային համալսարանի տարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից իրականացվող շինարարությունը եւ դրա շուրջ համալսարանի աշխատակազմի հետ ծագած վեճն անհրաժեշտ էր ՕԵԿ-ին՝ շոու անելու եւ իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը։
«Ամառ էր, քաղաքական կուսակցությունների համար մեռյալ սեզոն էր, իրենք պարապությունից մեզ հետ ղալմաղալ արին, ուզում էին, որ իրենց հիշեն, խոսեն եւ այդ դեպքերից հետո սկսեցին հարցազրույցներ տալ եւ շոու անել»,- ասաց Պարույր Էֆենդյանը։
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի 2008թ. նամակը, որը, Էֆենդյանի խոսքով, ՕԵԿ-ը շահարկում է՝ ներկայացնելով որպես տարածքի նվիրատվություն, իրականում պատասխան նամակ է ՕԵԿ-ի՝ տարածք հատկացնելու խնդրանքին, եւ դրանում հստակ կերպով նշված է 4 կետ։
«Նամակում հստակ ասվում է, որ ՕԵԿ-ը պետք է շինարարության նախագծերը համաձայնեցի ՀԱԱՀ-ի հետ, կառուցվող շենքի մի հատվածը տրամադրի բուհին՝ լաբորատորիաներ հիմնելու համար, բուհի հետ պայմանագիր կնքի, եւ վերջապես այս ամենի համար անհրաժեշտ է ստանալ ՀՀ Կառավարության որոշումը»,- ասաց պրոռեկտորը՝ նկատելով, որ բուհի խորհուրդն է համաձայնության որոշում կայացրել, իսկ տարածքը նրանց տալը Կառավարության որոշումից է կախված։
ՕԵԿ-ի եւ Ագրարային համալսարանի ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո բարոյական եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար նախաքննություն սկսելու պահանջով Հատուկ քննչական ծառայություն դիմելու ՕԵԿ-ի բերած փաստերը, Պարույր Էֆենդյանի խոսքով, կեղծ էին. «Ինձ համար ցավալի է, որ Հայաստանում կարող է այդպիսի բան լինել։ Բիշարյանը հայտարարել էր, որ իրեն վատ է զգացել։ Բնական է, որ տղան, եթե մոր մոտ հայհոյեր, ուրեմն մայրն էլ պետք է վատ զգար։ Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանն էլ գնացել էր 1-ին համալսարանական հիվանդանոց, բողոքել, որ ողնաշարը ցավում է, քանի որ վնասվել է միջադեպի ժամանակ։ Այնինչ տեսագրություններում պարզ երեւում է, որ ինքը դեպքերից 15 րոպե հետո է եկել, իսկ հիվանդանոցումէլ ասել են, որ այդ վնասվածքը ստացել է դեռ 7 տարի առաջ»։
Պրոռեկտորի խոսքով, չնայած ՕԵԿ-ն ինքն էր բողոք ներկայացրել, սակայն ոչ մի անգամ ցուցմունք տալու չի գնացել, քանի որ «սուտ ցուցմունք էին տալու»։
«Նյութերի պատրաստման ընթացքում քննիչը բազմիցս հրավիրել է իրենց, իսկ իրենք կատեգորիկ չեն գնացել, այսինքն՝ իրենք դիմում են գրել, բայց չեն գնում, եւ ցուցմունք չեն տալիս։ Բնական է, որ գնային եւ ցուցմունքներ տային, մենք համապատասխանաբար կեղծ ցուցմունք տալու, զրպարտության համար կմեղադրեինք իրենց, եւ համապատասխան դիմումով հանդես կգայինք»,- ասաց Պարույր Էֆենդյանը՝ նշելով, որ առաջիկայում սպասում են թե ՀՀ կառավարության, թե դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ Ագրարային համալսարանի դասախոսները բողոքում են համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում է, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ:





























