Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը կոնտեքստից կտրված է խոսում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Նա շեշտեց, որ Ալումյանի ներկայացրած վերծանումները լիքն են բազմակետերով:
«Հանպատրաստից չեմ կարող որեւէ բան ասել, պետք է իր ասածը ձայնագրության հետ համեմատեմ եւ ասեմ իմ անձնական կարծիքը ճիշտ այնպես, ինչպես Ալումյանը իր անձնական կարծիքն է ասում:
Թող Ալումյանը իրեն դատավորի տեղ դնի եւ մեղադրական դատավճիռ կայացնի, այդ գործը նա երբեք չի անի, որովհետեւ չի կարող:
Այն տարբերակը, որ ինքը ներկայացնում է հասարակությանը, իսկ հասարակությունը պատրաստ է մեծ հաճույքով լսել, ընկալել Ալումյանի ասածը Սուրիկ Խաչատրյանի մասով, դա հասկանալի է, բայց այն, ինչ նա ասում է, չի կարող մեղադրական դատավճիռի հիմքում դրվել: Ինքը ընդամենը շահարկում է, ուրիշ ոչինչ: Հարկավոր է այս գործը քննվի, ոչ թե շահարկվի, քննվել ավարտվել է, ի՞նչ ես ուզում Ալումյան, գնացել ես դատարան, գնա, բարի եղիր, ստացիր դատարանի որոշում, գնա եվրոպական դատարան, բայց ոչ թե շահարկիր կիսատ պռատ ինֆորմացիա մատուցելով հասարակությանը, մանավանդ նրա ամեն բառը կտրված է կոնտեքստից եւ մեկնաբանված իր տեսակետից»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, թե անցած տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպն ապացուցված է, տեսագրության ամբողջ խոսակցությունը վերծանվել է եւ նոր փաստեր են ի հայտ եկել:





























