Հայաստանի ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ, օգոստոսի 16-ից 31-ը մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովիայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը:

Անցկացվել են մրցույթներ հետեւյալ մարզաձեւերից. «Արգելագոտու հաղթահարում եւ 1-ին բուժօգնություն», «Դիպուկահարների մենամարտ», «Սուսերամարտ սվիններով», «Կրոսավազք 3 կմ`զենքով», «Փոխանցավազք ջրի վրա», «Ուժային տեստավորում», «Դանակի նետում», «Լեռնային-դաշտային երթարշավ 20 կմ», «Շարային պատրաստությունից», «Պատը` պատին», «Ֆուտբոլի եւ վոլեյբոլի առաջնություն», ինչպես նաեւ «Պատմական վիկտորինա», «Դիվանագիտական   խաղ`Պետություն»:

Կազմակերպվել են հետեւյալ դպրոցները` Կինոյի, Հետախույզ–վերլուծաբանի, Ժուռնալիստիկայի, Մարտական եւ արտակարգ իրավիճակների պայմանների բուժօգնության, Հոգեբանության, Դեսանտայինի, Բաղնիքային վարպետության, Ռազմական հետախույզի, Տիեզերագնացության, ինչպես նաեւ լուսանկարների ցուցահանդես «Իմ պապը հաղթող է» թեմայով: Անցկացվել են նաեւ մշակույթային օրեր,  որտեղ  յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, ազգային խոհանոցը, տարազը, զինված ուժերը, ուսումնական հաստատությունը, կազմակերպել է կլոր սեղան երկրորդ աշխարհամարտի, Աֆղանստանի եւ Չեչնիայի պատերազմի վետերանների մասնակցությամբ:

Վարժարանի թիմը աչքի է ընկել բարձր ֆիզիկական եւ բարոյակամային հատկանիշներով: Վարժարանի սաներն ընդգրկվել են տարբեր պետությունների ներկայացուցիչներից համալրված հավաքական դասակներում եւ իրենց թիմերի կազմում նվաճել են 11 ոսկե, 12 արծաթե եւ 12 բրոնզե մեդալներ: Հավաքների ընթացքում հանդիպումներ են եղել Հայրենական մեծ պատերազմի,  Աֆղանական եւ Չեչնիայի պատերազմի վետերանների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչների, տիեզերագնաց-օդաչու, ՌԴ եւ Ղրղզստանի հերոս Սալիժան Շարիպովի, օլիմպիական չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ ԽՍՀՄ եւ ՌԴ վաստակավոր մարզիչ, ՌԴ սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի եւ այլ պատվավոր հյուրերի հետ:

Հավաքների ավարտին ք. Մոսկվայում վարժարանի թիմը այցելել է նաեւ Ռուսաստանի  եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարան, հանդիպել թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Վարժարանի սաներն այցելել են նաեւ ՌԴ Զինված ուժերի, «Բորոդինոյի ճակատամարտի համայնապատկեր» թանգարաններ եւ այլ տեսարժան վայլեր:

Հաջորդ տարի «Սոյուզ 2015-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում` Ծաղկաձորում: