ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի ՄԱԿ-ի ԱԽ-ում սատարում է ԱՄՆ-ի բանաձեւը արտասահմանցի գրոհային-ահաբեկիչների վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամերիկացիներն այժմ առաջարկում են ԱԽ-ում ընդունել արտասահմանցի գրոհային-ահաբեկիչների վերաբերյալ բանաձեւի նախագիծը: Նրանք հարցը ճիշտ են դրել, եւ մենք կողմ ենք դրան: Այս խնդրի դեմ արդեն հարկավոր է պայքարել միջազգային հանրության ունեցած բոլոր ռեսուրսներով», — հայտարարել է Գատիլովը:
Նա ընդգծել է, որ բանաձեւի նման նախագիծն անհրաժեշտ է եւ հիշեցրել, որ սիրիական ճգնաժամի կիզակետին Ռուսաստանն արդեն խոսում էր ահաբեկիչներին սատար կանգնելու վտանգավորության մասին:
«Այն ժամանակ մեր արեւմտյան գործընկերներին միայն մեկ նպատակ էր հետաքրքրում՝ տապալել Ասադի ռեժիմը, եւ նրանք դրա համար օգտագործում էին նաեւ ահաբեկիչներին օգնելու միջոցը, որոնք պայքարում էին եւ շարունակում են պայքարել Սիրիայի կառավարության դեմ: Բայց այժմ նրանք տեսան, որ խնդիրը այլ ուղղվածություն է ձեռք բերում: «Իսլամական պետությունը եւ ծայրահեղականները արդեն սպառնում են ողջ տարածաշրջանին»,- նշել է Գատիլովը:





























