Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում մասնակցեց Արեւելյան Գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Հանդիպման նպատակն էր քննարկել Արեւելյան Գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերը Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց ԱլԳ ձեւաչափով ծրագրերի բազմազանեցման հնարավոր ուղղություններին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկումներում փոխնախարար Նազարյանը կարեւորեց Հայաստանի` ԵՄ հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցության շարունակականությունը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ այլն: Միեւնույն ժամանակ ընդգծվեց, որ ներկա իրողությունների համատեքստում կարեւոր է քայլեր ձեռնարկել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ համագործակցության կամուրջ ձեւավորելու ուղղությամբ:

Ստոկհոլմ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը առանձին հանդիպում ունեցավ Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանկ Բելֆրագեի հետ, որին մասնակցեցին նաեւ Շվեդիայի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թուրբյորն Սուլսթրյոմը եւ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային խնդիրները, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների վերաբերյալ։