Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այսօր՝ սեպտեմբերի 6-ին, այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի քաղաքացուն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի ԶՈւ-ի շփման գծում երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիրօղլու Մամեդովը: Վերջինս գերի է ընկել մոտ 18:10-ին՝ հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Վերին Չայլու) պետական սահմանը հատելու փորձի ժամանակ:
Բացի այդ, սեպտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են ԼՂՀ-ում ձերբակալված, Քրեական օրենսգրքի մի շարք կետերով, այդ թվում՝ սպանության մեջ մեղադրվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Շահբազ Գուլիեւին եւ Դիլմա Ասկերովին:
Այս դեպքը հստակ կերպով ցույց է տալիս՝ ինչպես են Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունները թույլ տալիս աշխատել ԿԽՄԿ-ի` իրենց երկրների ներկայացուցիչներին: Նախօրեին Լեռնային Ղարաբաղում գերեվարվածին արդեն այցելել են կոմիտեի պատվիրակները, իսկ Բաքվի պատվիրակները մինչեւ օրս օգոստոսի 26-ին գերեվարված Հայաստանի քաղաքացի Սարգիս Անանյանին այցելելու թույլտվություն չեն ստացել:





























