Նախաքննական մարմինը տարել է նախկին Փաստահավաք խմբի կողմից մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նախկին ժամանակավոր հանձնաժողովին փոխանցված նյութերն ու դրանք հանձնաժողովը չի կարողացել ուսումնասիրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խորհրդարանական հանձնաժողովի նախկին անդամ, այդ ժամանակ ԱԺՄ-ն ներկայացնող Արտավազդ Վարդանյանը՝ հավելելով, որ այսպիսով հանձնաժողովի կողմից ամիսներ առաջ ներկայացված եզրակացության մեջ շատ փաստեր արտացոլված չեն եղել։ «Նախաքննական մարմինը միտումնավոր կերպով տարավ այդ փաստերը, մասնավորապես՝ մի շարք տեսագրություններ ու ձայնագրություններ, որպեսզի մենք ամբողջությամբ նյութին չտիրապետենք»,- նկատեց նախկին հանձնաժողովականը։

Նա, ի դեպ, այժմ զբաղված է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված՝ իր ձեռքի տակ եղած մի շարք փաստերի ուսումնասիրությամբ եւ պատրաստվում է դրանց հիման վրա զեկույցներ հրապարակել։ «Այժմ աշխատում եմ մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության վրա։ Առկա փաստերը կամբողջացնեմ ու զեկույցի տեսքով կհրապարակեմ»,- խոստացավ Վարդանյանը։ Նա  միաժամանակ հավելեց, որ իր ուսումնասիրությունները նպատակահարմար է գտնում հրապարակել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու նախօրեին։ «Չեմ ուզում, որ այդ զեկույցները ինքնանպատակ լինեն, եւ դրա համար էլ մտածում եմ՝ ե՞րբ է հարմար, որ դրանք հրապարակեմ, որպեսզի այդ մարդկանց էլ օգտակար լինեմ»,- նկատեց նախկին հանձնաժողովականը։

Արտավազդ Վարդանյանը միաժամանակ բարձր գնահատեց նախկին Փաստահավաք խմբի կողմից  հրապարակված վերջին՝ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ բանակի ներգրավման վերաբերյալ զեկույցը՝ նշելով, որ այն «շատ արժեքավոր զեկույց է»։ «Այն, որ բանակը որոշակի չափով ներգրավված է եղել մարտյան դեպքերի ժամանակ, միանշանակ է, եւ ես ողջունում եմ Փաստահավաք խմբի զեկույցը, որում շատ լավ ձեւով ցույց են տալիս, որ 2008 թվականի փետրվարի 23-ից քաղաքական գործընթացներում բանակի գործողությունների «ստարտը» տրվել էր»,- ընդգծեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը չի ստորագրել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նախկին խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության տակ՝ պատճառաբանելով, որ իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալ դրա վերջնական տարբերակին։ (Եզրակացության տակ չէր ստորագրել նաեւ մեկ այլ հանձնաժողովական՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը)։ 

Նշենք, որ այդ եզրակացության հրապարակումից մոտ մեկ շաբաթ հետո Արտավազդ Վարդանյանը հեռացավ ԱԺՄ-ից։