Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Վանի Աղթամար  կղզու Սուրբ Խաչ եկեղեցում  տեղի է ունենալու  5–րդ պատարագը Հայոց ցեղասպանությունից  99 տարի անց:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ պատարագն ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կգլխավորի Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը:

Այս անգամ պատարագին ներկա են լինելու նաեւ Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդը եւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ, ինչպես նաեւ Վանի իշխանությունների ներկայացուցիչներ:

Վանի Գեւաշի (Ոստան) քաղաքապետ Սինան Հաքանն այս տարի պատարագից հետո հատուկ Խաղաղության սեղան է պատրաստել, որին մասնակցելու են, թե պատարագին մասնակից հոգեւորականները, թե տեղի իշխանությունները:

Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։