Հունիսի 15-ին Ուրուգվայի առաջին տիկին, խորհրդարանի ներկայացուցիչ Լուսիա Թոփոլանսքին մասնակցել է 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կախաղան բարձրացված Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության 20 անդամների տարելիցին նվիրված արարողությանը, որը կազմակերպել էր Ուրուգվայում գործող ՍԴՀԿ Վարիչ մարմինը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՍԴՀԿ մամլո դիվանից, արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ հյուպատոսը, Հայ Առաքելական Եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գելետճյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Անտոնիո Գեչեջյանը, պատվելի Օպետ Պոյաճյանը, տարբեր միությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 100 ներկաներ:
Ելույթ է ունեցել փաստաբան Ալբերտո Քեշքերյանը, որ պատմական ակնարկ է կատարել ու անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ Ուրուգվայի օրինակելի դիրքորոշմանը:
Գեղարվեստական ներկայացումից հետո ելույթ է ունեցել Ուրուգվայի առաջին տիկին, խորհրդարանի ներկայացուցիչ Լուսիա Թոփոլանսքին, ով առաջին հերթին փոխանցել է իր ամուսնու՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի զորակցությունը եւ նշել է, որ ինքը, երկրի առաջին խորհրդարանական լինելով, պիտի շարունակի պաշտպանել հայ ազգի արդար իրավունքները։ Տիկին Լուսիա Թոփոլանսքին զուգահեռներ է անցկացրել 20 կախաղան հանվածների եւ իր կյանքի միջեւ։ Նա հիշել է, որ երբ զինվորական բռնապետության ժամանակ բանտարկված է եղել, բանտում հայ ընկերուհի է ունեցել՝ Անահիտ Ահարոնյանը։ Նրանք միասին հայկական տառերով արվեստի գործեր են պատրաստել ազատության մեջ գտնվող իրենց ընտանիքների եւ բարեկամների հետ հաղորդակցվելու նպատակով:


























