Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Սուրբ Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ «Աստվածաշունչ» մատյանում, այն մեզ է փոխանցվել Եկեղեցու սրբազան ավանդության շնորհիվ:

Ս. Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մեկ օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ ինքը զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:

Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար եւ իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին:

Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին կոչում են Մարիամ, այսինքն Լուսավորյալ:

Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: