Իրականում, եթե հանենք ողբերգական պահերը, Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր ապագայի համար աշխատելու փոխադարձ շահեր ունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բրիտանացի փորձագետ, Քառնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը:

Վաալի խոսքով՝ այսօրվա դրությամբ, ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի բոլոր պաշտոնական հատկանիշները կան, սակայն ցավոք, բովանդակապես գործընթացը առաջ չի գնում այն իմաստով, որ կողմերը իրական բաներ չեն քննարկում: «Ես չեմ տեսնում ռազմավարական հարցերի իրական քննարկում: Ադրբեջանի համար ռազմավարական առումով կարեւոր է ավելի ազատ լինել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունից: Իսկ հայկական տեսակետից, ամենակարեւոր ռազմավարական խնդիրը երկրի զարգացումն է, սահմանների բացումը: Այս համատեքստում կարելի է փոխշահավետ համագործակցության գալ: Սակայն մենք բոլորս գիտակցում են, որ առկա իրավիճակում այն իրական չէ», - նշել է Թոմաս Դե Վաալը: 

Անդրադառնալով շփման գծում առկա իրավիճակին եւ լարվածության վերջին սրացումներին՝ Վաալն ընդգծել է. «Շատ տխուր է նկատել, որ զոհվում են երիտասարդներ, ովքեր ծնվել են հրադադարը ստորագրելուց հետո: Սա թշնամական հռետորության գինն է, որը հիմնականում Ադրբեջանից է բխում: Կողմերին անհրաժեշտ է գիտակցել, որ սա խաղ չէ»: