Լոնդոնի Մարիա թագուհու անվան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ պանրի որոշ հայտնի տեսակներ ավելի շատ աղ են պարունակում, քան ծովի ջուրը:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղի մակարդակը Կիպրոսի Հալումի պանրում, ներմուծվող երկնագույն բորբոսով պանրում եւ հունական Ֆետա պանրում գերազանցում է ծովի ջրի աղիությանը: Միեւնույն ժամանակ, կաթնաշոռում աղի մակարդակը նվազագույնն է:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել նույն տեսակի պանիրներում աղի բաղադրության տարբերությունը: Չեդեր պանրի որոշ տեսակներ ավելի աղի են եղել, քան մյուսները:
Բրիտանիայի լավագույն 7 սուպերմարկետներում վաճառվող պանրի 600 տեսակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղի միջին պարունակությունը 100 գ պանրում 1,7 գ է: Հալումին եւ ներմուծվող կապույտ բորբոսով պանիրը պարունակում են 2,7 գ աղ, իսկ Ֆետա պանիրը` 2,5 գ աղ, փոխանցում է Kedem-ը:
Մասնագետները հիշեցնում են, որ աղի սպառման օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 6 գրամը, իսկ այն չափից դուրս օգտագործելը զարկերակային բարձր ճնշման պատճառներից մեկն է, որը դառնում է սրտի հիվանդությունների եւ կաթվածի պատճառ:




























