Դիմորդ շրջանավարտներն այսօր` հունիսի 19-ին քննություն են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ձեւավորված քննական կենտրոնի ղեկավար Նարինե Բայաթյանը նշել է, որ իրենց քննական կենտրոնում քննություններ պետք է հանձնի 199 դիմորդ, որոնցից 11-ը չի ներկայացել:

«Ամեն ինչ խաղաղ է, ոչ մի արտակարգ իրավիճակներ չեն սպասվում, արել ենք ամեն ինչ, որպեսզի քննությունը անցկացվի առանց ավելորդ լարումների»,- ասել է նա ու հավելել, որ քիմիայի քննության ընթացքում դիմորդներն իրենց հետ կարող են վերցնել հաշվիչներ եւ Մենդելեեւի աղյուսակը: Ընդ որում, բարդություններից խուսափելու համար քննության կազմակերպիչներն իրենք են դիմորդներին բաժանել աղյուսակներ եւ թույլ չեն տվել, որպեսզի նրանք իրենց հետ բերած աղյուսակները քննասենյակ տանեն:

Հիշեցնենք, որ «Հայոց պատմություն» առարկայի գծով Հայաստանում եւ ԼՂՀ-ում ձեւավորվել է 22 քննական կենտրոն, իսկ «Քիմիա» առարկայի գծով` 14 քննական կենտրոն: