ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացն ընթանում է բնական հունով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, իր ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները եւ ինչ դեր է խաղում ղարաբաղյան հարցն այդ գործընթացում, Նալբանդյանը նշել է. «Բանակցություններն ընթանում են բնական հունով եւ կարծում եմ շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, նախարարը հիշեցրել է. «Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի կողմից, եւ հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը»:
Հարցին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը արդյոք նշանակում է, որ ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը ամբողջովին փակվել է, Նալբանդյանը պատասխանել է. «Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը եւ Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, եւ մենք շարունակելու ենք աշխատանքները եւ ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը եւ Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ` այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը»:





























