Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ոչ թե հրահանգել է համայնքապետերին գումար հավաքել Իրաքի եզդիներին օգնելու համար, այլ ընդամենը առաջարկել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Ղահրամանյանը:
«Մենք տեսել ենք, որ մեր երկրի կառավարությունը օգնություն է ցուցաբերում, Արմավիրի մարզն էլ՝ որպես եզդիաբնակ մարզ, մենք էլ մեր ցանկությունն ենք հայտնել մասնակցություն ունենալ հումանիտար օգնություն կազմակերպելու գործում: Ոչ թե կարգադրել ենք, այլ առաջարկել ենք օգնել, ըստ ցանկության է: Համապատասխան հաշվեհամար կա, ով կցանկանա, գումար կփոխանցի»,- պարզաբանեց մարզպետը:
Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ Արմավիրի մարզը եզդիներին օգնելու համար արդեն 3,5 մլն դրամ է հավաքել եւ փոխանցել այդ հաշվեհամարին:
Նշենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի բոլոր համայնքապետերին հրահանգել է գումար հավաքել Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար: Որպես օրինակ նշենք, որ նույն մարզի Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը նույնպես «գերակատարել է» իր մարզպետի հրահանգը. «Ես էլ, ինչպես մյուս գյուղապետերը, մեր համայնքի բնակիչներից գումար եմ հավաքել: Այն կազմում է ընդամենը 105 հազար դրամ: Այդ գումարը տարել եմ մարզպետարան ու վճարել: Իրենք էլ ինձ համապատասխան կտրոն են տրամադրել»: Իսկ թե ինչպես են օգնությունը տեղ հասցնելու, դեռ որևէ մեկը պատկերացում չունի»,–գրել էր թերթը։





























