Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը նախագահին կներկայացվի հոկտեմբերի կեսին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը:

Հիշեցնելով, որ սեպտեբերի 4-ին լրացավ հանձնաժողովի աշխատանքների մեկ տարին՝ Դանիելյանը նշեց, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է տարվել, մշակվել է հայեցակարգի նախագիծը եւ ներկայացվել հասարակական քննարկմանը: Քննարկումներն անցել են երկու փուլով: Առաջին փուլում անցել են փորձագիտական լսարանում. մասնագետներն իրենց կարծիքն են հայտնել եւ առաջարկություններով հանդես եկել: Քննարկումների երկրորդ փուլը ավելի լայն է եղել՝ մայրաքաղաքի եւ մարզերի հանրության մասնակցությամբ: Զուգահեռաբար ամփոփվել են փորձագետների առաջարկությունները: Ինչպես նշեց Գեւորգ Դանիելյանը, օգոստոսի վերջին ստացվել է ամփոփիչ փաստաթուղթը, որը կներկայացվի Վենետիկյան հանձնաժողովին: Վենետիկյան հանձնաժողովի քննարկումները կկայանան Փարիզում՝ սեպտեմբերի 19-21-ին: Դրանից հետո փաստաթուղթը վերջնական տեսքով կտրամադրվի երկրի նախագահին:

Գեւորգ Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները աշխատել են առավելագույնս կարգավորել նախկինում տարաձայնություններ առաջացնող հարցերի ձեւակերպումները: Որոշ հարցերի շուրջ, այնուամենայնիվ, առկա են տարաձայնություններ, սակայն հանձնաժողովի անդամը կարծում է, որ դեռ ժամանակ կա լուծումներ որոնելու համար: Նախկինում լուրջ տարաձայնությունների առաջացնող հարցերից մեկն էլ կառավարման խորհրդարանական համակարգին անցումն է: Հանձնաժողովում նախապատվությունը տվել են դրական որոշմանը, այսինքն՝ կառավարման տվյալ համակարգին անցմանը:

Գեւորգ Դանիելյանը կարծում է, որ անցած քննարկումները եղել են արդյունավետ, սակայն որոշ վերապահումներով, մասնավորապես՝ քաղաքական ուժերի հետ քննարկումների մասով: Այդուհանդերձ, հանձնաժողովի ներկայացուցիչը ենթադրում է, որ քաղաքական ուժերի հետ քննարկումները ակտիվացնելու համար դեռ ժամանակ կա:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ոչ համաժամանակյա անցկացմանը,  Գեւորգ Դանիելյանը նշեց, որ բարեփոխումների հակառակորդները լուրջ հակափաստարկներ առաջ չեն քաշում: