Դատախազությունը իր ընթացիկ ստուգումներն է անցկացնում քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Նա շեշտեց, որ դատախազությունը իր պլանային ստուգումներն է իրականացնում ՔԿՀ-ներում: «Սա առաջին անգամ չէ, ստուգումների ընթացքի մասին մանրամասներ կարող եք ճշտել դատախազությունից: Բայց այն, որ այդ ստուգումների պատճառով տեսակցությունները արգելված են, չի համապատասխանում իրականությանը: Եղել են թե կարճատեւ, թե երկարատեւ տեսակցություններ, քրեակատարողական հիմնարկները գործել են բնականոն հունով, ընդունվել են հանձնուքներ»,-ասաց Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ՀՀ դատախազությունը լուրջ ստուգումներ է իրականացնում: Թերթի տեղեկություններով՝ երեկ թեև հիվանդանոցում այցելությունների օր է եղել, սակայն դատապարտյալների հարազատներին թույլ չեն տվել մուտք գործել շենք՝ տեսակցության՝ պատճառաբանելով, որ ստուգումներ են»,–գրում է թերթը։