AM իրավաբանական ընկերությունը հրավիրում է երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Մրցույթի կազմակերպիչ AM իրավաբանական ընկերությունից հայտնում են, թե մրցութային առաջարկները պետք է հստակ եւ հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որեւէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն է(են) ունենում ներկայիս Սահմանադրության առանձին դրույթ(ներ) եւ/կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարող է ակնկալվել որեւէ նոր սահմանադրաիրավական կարգավորմամբ:

Հաղթող երեք մասնակիցները կստանան նորագույն համակարգչային տեխնիկա, որը կնպաստի նրանց հետագա ուսմանը: Բացի այդ, նրանք վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն առաջատար իրավաբանական ընկերությունում: Հաղթող երեք առաջարկներն ու նրանց հեղինակները կներկայացվեն հանրությանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Մրցութային առաջարկները չեն կարող գերազանցել 1000 բառը, պետք է հնարավորինս պարունակեն նորույթ, ինքնատիպություն, հստակ հիմնավորումներ եւ ինքնուրույն վերլուծություններ: Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մրցույթին կարող են մասնակցել լիցենզավորված համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ասպիրանտուրայում եւ մագիստրատուրայում սովորողները, ինչպես նաեւ բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած ուսանողները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչեւ սեպտեմբերի 25-ը ժամը 18:00-ն AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակ (ք. Երեւան, Արշակունյաց 49/22) կամ ընկերության էլեկտրոնային հասցեով ([email protected]) ներկայացնեն իրենց մրցութային առաջարկները, անձնագրի պատճենը եւ մասնագիտական համապատասխանությունը հավաստող փաստաթղթի պատճենը(ները):