Բրազիլիան եւ Հայաստանը դեռեւս աշխատում են համագործակցության ոլորտներ գտնելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյա Դուարտե Մոնտեյրոն:

Նա նշել է, որ նախորդ տարի, այն ժամանակ դեռ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ երկու երկրների պաշտոնատար անձինք ուսումնասիրել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ուղիները, եւ նման այցելություններն, անկասկած, լավ միջոց են հարաբերությունների զարգացման համար:

Դեսպանի խոսքով՝ կողմերը կարող են զարգացնել համագործակցությունը առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում: Նա հատուկ ընդգծել է, որ հույսեր է կապում գիտնականների հետ, բայց անհրաժեշտ է, որպեսզի դա կրի պարբերական բնույթ:

«Բրազիլիայում կան հայ ուսուցիչներ, նաեւ հայ ուսանողներ, որոնք մեկնում են Բրազիլիա»,-ասել է նա:

Դեսպանը նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է զարգացնել նաեւ մշակութային կապերը: Այս տարի Հայաստանում տեղի է ունեցել բրազիլական երաժշտության երեկո, ինչպես նաեւ նախատեսված է բրազիլական ֆիլմերի ցուցադրություն:

Նշենք, որ Երեւանում սեպտեմբերի 9-ին նշվել է Բրազիլիայի անկախության 192-րդ տարեդարձը: