Շուրջ 110 չվերթ չեղյալ է հայտարարվելու սեպտեմբերի 10-ին՝ «Lufthansa» գերմանական ավիաընկերության օդաչուների կողմից Մյունխենի օդանավակայանում ծրագրված գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողին: Չվերթների չեղյալ հայտարարումը կանդրադառնա ավելի քան 13.500 ուղեւորի վրա:
Հատկանշական է, որ ցուցակում չեղյալ հայտարարված ռուսական չվերթ չկա:
Հաղորդվում է, որ գործադուլը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն: Դրա մասնակիցները հանդես կգան ավիաընկերության ղեկավարության ծրագրերի դեմ, որը նախատեսում է գոյություն ունեցող վաղաժամկետ թոշակի անցնելու տարիքային սահմանը բարձրացնել մինչեւ 61 տարեկանի: Ներկայում այն 59 տարեկանն է:
Ավելի վաղ օդաչուներն ակցիա են կազմակերպել Ֆրանկֆուրտում, որը խափանել է ավելի քան 10 հազար ուղեւորի ծրագիր, հանգեցրել շուրջ 200 չվերթի չեղյալ հայտարարման:




























