Ռուսաստանում հուլիսի 15-ին ձերբակալված հայ գործարար Լեւոն Հայրապետյանին սատարողները սեպտեմբերի 9-ին հավաքվել էին Բրյուսելում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով արցախցի բարերարի ձերբակալության հետ կապված:
NEWS.am-ը Լեւոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացավ, որ բողոքին մասնակցել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր գործարարի լուսանկարներով, «Մարդու իրավունքները վերացել են» գրությամբ ծաղկեպսակներով կանգնել էին ՌԴ դեսպանատան առջեւ եւ պահանջում էին ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

































