Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկելու։

«Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մանրամասներն իհարկե չեն հայտնում, բայց ես կարծում եմ, որ նրանք քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը։ Տեր-Պետրոսյանը մտավախություն ունի, որ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին կփոշմանի եւ կողմ կարտահայտվի այդ փոփոխություններին։ Այստեղ ոչ քառյակի հարցն է կարեւոր, ոչ մնացած խնդիրները»,- այսօր՝ սեպտեմբերի տասին, լրագրողների հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նշենք, որ սեպտեմբերի իննին տեղի ունեցած հանդիպումներից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր: Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը»։