Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը սեպտեմբերի 30-ին հանրահավաք անելու են, սակայն թե այդ հանրահավաքով ինչ հարց են լուծելու, գաղտնիք է մնում։ Այսօր՝ սեպտեմբերի տասին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը։

«Եթե խոսենք թեժ աշուններից, ապա ամեն տարի ընդդիմությունը գարնանը դա է խոստանում, սակայն ինքներս էլ տեսնում ենք, որ ոչինչ չի փոխվում։ Հիմա սեպտեմբերի 30-ին քառյակը հանրահավաք է հրավիրում, իհարկե այն կլինի, կգան՝ ցույց տալու, որ եկել են ինչ-որ բան անելու, բայց թե ի՞նչ, այ դա հարց է։ Բացի դրանից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ գարնանը տված հարցազրույցը ցույց տվեց, որ թեժ աշուն պետք է սպասենք»,- ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ քառյակը երբեք իշխանափոխության հարց չի դնելու, պարզապես իմիտացիա է ստեղծում, որ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ակտիվ է։ Լրագրողների հարցին՝ հնարավոր է քառյակի հետեւում կանգնած լինի Ռոբերտ Քոչարյանը, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, սակայն չեմ կարծում, որ օրինակ՝ «Ժառանգությունը» կողմ կլինի դրան»։

Նշենք, որ քառյակը հանրահավաքի մասին խոսում դեռ հունիսից։ Այդ ժամանակ քաղաքական ուժերը ժամանակ տվեցին իշխանություններին՝ կատարելու իրենց ներկայացրած տասներկու պահանջները։ Առ այսօր ոչ մի պահանջ չի կատարվել։