«Ոչ Ցեղասպանություններին» երիտասարդական նախաձեռնությունը 40 ջահակիրների հետ միասին սեպտեմբերի 11-ին ջահերով երթ է կազմակերպում Երեւանի Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ Իրաքի ծայրահեղական իսլամիստների կողմից եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը բարձրաձայնելու եւ դատապարտելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին նախաձեռնության անդամները։
«Երթը լինելու է վաղը՝ ժամը 20։00-ին, շարժվելու ենք Ազատության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցելու է 40 ջահակիր, ինչն ունի սիմվոլիկ նշանակություն. սեպտեմբերի 11-ին լրանում է 40 օրը, երբ եզդիների նկատմամբ սկսվեց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Մուսա լեռան 40 օրը, քանի որ հենց օգոստոսի 12-ին էր, երբ ֆրանսիական նավերը եկան եւ փրկեցին հայերին»,- ասաց նախաձեռնության անդամ Նելլի Գիշյանը։
«Ոչ Ցեղասպանություններին» նախաձեռնության հեղինակները եզդիական համայնքի ներկայացուցիչներն են եւ մի շարք երիտասարդական կազմակերպություններ, սակայն նախաձեռնությունը քաղաքական ոչ մի ուղղվածություն չունի։
«Նախաձեռնությունը կապ չունի քաղաքական միավորումների, հասարակական կազմակերպությունների հետ։ Այն ունենալու է հստակ գործելաոճ եւ դատապարտելու է ցեղասպանությունը՝ հետագայում այն կանխելու նպատակով»,- ասաց նախաձեռնության անդամ Սաշիկ Սուլթանյանը։
Խոսելով եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության պատճառների մասին՝ նախաձեռնության անդամները կարծիք հայտնեցին, որ պատճառը ոչ թե եզդիների կրոնական փոքրամասնություն լինելն է, այլ քաղաքական նկատառումները։
«Եզդիներին սպանում են ոչ թե որպես կրոնական փոքրամասնություն, այլ առկա են հստակ քաղաքական նպատակներ, որտեղ բացի իսլամական պետություններից ներգրավված են այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Թուրքիան»,- ասաց Սաշիկ Սուլթանյանը։
Նմանատիպ երթեր են անցկացվելու նաեւ Արցախում, Ռուսաստանում, Ֆրանսիայում։
Նախաձեռնության անդաները նշեցին, որ օգոստոսի 2-ից սկսած եզդիների ցեղասպանությանը զոհ է գնացել 15-20 հազար մարդ, ավելի քան 100 հազարն էլ դարձել է փախստական։





























