Այս հարյուրամյակի կեսին Երկիր մոլորակի օզոնային շերտը կարող է ամբողջությամբ վերականգնվել: Ըստ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի, այս մասին նշվում է սեպտեմբերի 10-ին հրապարակված «2014թ. օզոնի քայքայման գիտական գնահատական» փաստաթղթում:

ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրի ծրագրի եւ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության հովանու ներքո շուրջ 300 գիտնականներ գնահատել են արեւային ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից Երկիր մոլորակը պաշտպանող օզոնային շերտի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:

Գիտնականների եզրահանգումները ներառող փաստաթղթում ասվում է, որ օզոնային շերտը 1980 թվականի մակարդակին կվերադառնա «մինչեւ դարակես, Արկտիկայի միջին հատվածում եւ փոքր-ինչ ավելի ուշ՝ Արկտիկայում»:

«Դրական նախանշաններ կան, որ այս հարյուրամյակի կեսին օզոնային շերտն աստիճանաբար կվերականգնվի»,- ասել է ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրի ծրագրի տնօրեն Ահիմ Շթայները: