ԱՄՆ-ն Իրաք կուղարկի եւս 475 ռազմական խորհրդական, փոխանցում է Reuters-ը` վկայկոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը: 

Ռազմական մասնագետները պետք է օգնեն պատրաստել Իրաքի բանակը եւ համակարգեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն զորքեր չի մտցնի Իրաք` ԻՊ-ի դեմ պատերազմելու, բայց դրան զուգահեռ Վաշինգտոնը Բաղդադին 25 միլիոն դոլար ռազմական օգնություն էր հատկացրել:
Օբաման հեռուստաուղերձում կրկին հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների դիրքերին ավիահարվածներ հասցնելու հավանականությունը:

«Ես հստակ հասկացրել եմ,  որ մենք հետապնդելու ենք մեր երկրին սպառնացող ահաբեկիչներին` անկախ նրանց գտնվելու վայրից: Դա նշանակում է, որ ես անվարան միջոցներ կձեռնարկեմ ԻՊ-ի դեմ Սիրիայում այնպես, ինչպես եւ Իրաքում», — ասել է Օբաման:

«Սա իմ նախագահության հիմնարար սկզբունքներից մեկն է. եթե դուք սպառնում եք Ամերիկային, դուք ապահով ապաստան չեք գտնի», — ընդգծել է Օբաման: