Մաքսային միությունը միախառնվել է Եվրասիական տնտեսական միությանը, հետեւաբար ՄՄ-ն այլեւս արդիական չէ, իսկ Հայաստանի անդամակցության հարցը դեռ քննարկվում է։ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու մասին այսպիսի կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Արդեն մեկ տարի է անցել Սերժ Սարգսյանի հայտարարությունից, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը։ Ենթադրվում էր, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու խնդիր չկար, մնում էր Հայաստանի համաձայնությունը։ Եվս մեկ հարց էր մնում՝ Հայաստանը կլինի հիմնադիր անդամ, թե ոչ։ Ինքներս հետագայում համոզվեցինք, որ Հայաստանի մտադրությունը՝ դառնալու ԵՏՄ անդամ չիրականացավ։ Իրոք, բավականին շատ բան է փոխվել։ Մաքսային միությունն այլեւս արդիական չէ»,- ասաց նա։

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ դեռ հստակ չէ՝ հոկտեմբերի տասին ինչ կորոշվի Հայաստանի անդամակցության հետ կապված, առավել եւս հիմնադիր անդամներն այդ թեմայով չեն խոսում։

«Չեմ կարծում, որ Ղազախստանը կցանկանա, որ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ եթե մենք միանանք, դա կնշանակի, որ այդ միությունում Ռուսաստանի ձայները կրկնապատկվում են։ Ըստ երեւույթին, ընթանում են ընդհատակյա բանակցություններ»։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրումը ծրագրվում է հոկտեմբերի 10-ին՝ ԵՏՄ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ: