Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ վերջինիս «անպարկեշտ» առաջարկություն անելու մեջ մեղադրող Սուսաննա Հովհաննիսյանի եւ նրա ավագ որդու` Սամվել Հովհաննիսյանի միջեւ հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցած առերեսումից անցել է 1,5 ամիս, սակայն առ այսօր ՀՔԾ-ն որոշում չի կայացրել՝ Օսիպյանի դեմ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:
NEWS.am-ի հետ զրույցում Սուսաննա Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք պահանջել են գործով արձանագրությունները, սակայն դեռ չեն ստացել:
«Ոչ մի նորություն էլ չկա, ոչ արձանագրություններն են տալիս, ոչ էլ հայտնում են, թե ինչ որոշում են կայացրել: Մինչդեռ առերեսումից հետո տասը օրվա ընթացքում պետք է ինչ-որ որոշում կայացրած լինեին»,- ասաց նա:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործը նախաքննության փուլում է եւ ոչինչ ասել չի կարող:
Նշենք, որ հուլիսի 30-ին Վալերի Օսիպյանին եւ Սուսաննա Հովհաննիսյանին հրավիրել էին ՀՔԾ՝ առերեսման, որը տեւեց ավելի քան 5 ժամ: Շենքից դուրս գալիս՝ Օսիպյանը ոչինչ չխոսեց, մինդեռ կանայք պատմեցին, որ Երեւանի փոխոստիկանապետի եղբորորդին 3 անգամ մարդ է դանակահարել: Մեկ օր անց սակայն NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետը հերքեց մեղադրանքը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչից հետո Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ վիրահատել: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Նշենք, որ Սուսաննա Հովհաննիսյանը, որի որդին ներկա է եղել կռվին, ապրում է Վալերի Օսիպյանի տան հարեւանությամբ։ Նա աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Օսիպյանը հերքում է այս մեղադրանքը։





























