Հայաստանում բնակվող եզդիները համաշխարհային հանրությանը կոչ են անում զինել Իրաքի իրենց հայրենակիցներին: Այս մասին սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ   Բրո Հասանյանը:

Ըստ նրա՝ այսօր եզդիների զանգվածային բնաջնջում է իրականացվում, որը քաջալերվում է Իրաքի Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի կողմից:

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանի խոսքով՝ քրդերն արդեն թալանել եւ դատարկել են Սինջարի շրջակա 70 գյուղեր: «Բնակչության մի մասը դաժանաբար սպանվել է, մյուսները՝ փախել ուր պատահի», - նշել է  Թամոյանը՝ հավելելով, որ աշխարհի 6000 եզդիներ մեկնել են Սինջար հայրենակիցներին պաշտպանելու, սակայն անհրաժեշտ սպառազինման կարիք ունեն:

«Արդեն 7 գյուղ է ազատագրվել, սակայն դրանք դատարկվում են: Սպանվածների դիերն առայսօր ընկած են բաց երկնքի տակ», - ընդգծել է նա՝ հավելելով, որ եթե հաջողվի վերադարձնել գրավյալ տարածքները, եզդիներն առանձին ինքնավարություն կստեղծեն՝ Եզդիստան անունով: