Տիգրանակերտի պեղումների մոտավոր մակերեսը կազմել է 800 քառ. մետր, միջին խորությունը՝ 3,0մ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ կառավարության զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ կազմակերպությամբ,  ս.թ. հունիսի 25-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում,  Տիգրանակերտի  հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր,  Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, վերսկսվել եւ ընթացել են Արցախի Տիգրանակերտի պեղումները:

Պեղումների մոտավոր մակերեսը կազմել է 800 քառ. մետր, միջին խորությունը՝ 3,0մ:

Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատի պեղումները, որոնք բացել են պարսպի շուրջ 35մ նոր հատվածը, ցույց են տալիս, որ պարիսպը շեշտակի թեքվում է դեպի հարավ եւ ձեւավորում հերթական՝ հինգերորդ կլոր աշտարակը, որի տրամագիծը մոտ 9 մետր է: Այս թեքումը հնարավրություն է տալիս ենթադրել, որ պարսիպը աստիճանաբար մոտենում է հարավային պարսպին, եւ կարող է ավարտվել Արքայկան աղբյուրներին չհասած: Ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ սպասելի է Ամրացված թաղամասի գլխավոր մուտքի հայտնաբերումը:

Առաջին անտիկ թաղամասում շարունակվել են դեպի հյուսիս տարածվող բնակելի-տնտեսական համալիրների պեղումները: Ուղղանկյուն հատակագծումով համալիրները խմբավորվում են հիմնական պատի առանցքի երկու կողմերում: Պեղումները վկայում են այս համալրիների արհեստագործական եւ երկրագործական մթերքների մշակման հետ կապված զբաղմունքների մասին: Բնակիչների ակնհայտ քաղաքային կենցաղի վկայություններ են ոչ միայն համալիրների կանոնավոր՝ «հանրակացարանային» բնույթի կառուցապատումը, այլ նաեւ զուտ քաղաքային բարձրորակ խեցեղենը եւ կենցաղային իրերը: Թաղամասի այս հատվածը վաղ միջնադարում վեր է ածվել գերեզմանոցի: 

Պեղումները վաաղքրիստոնեական հրապարակում նշնանավորվեցին մի շարք ուշագրավ գյուտերով: Դա նախ եւ առաջ վաղքրիստոնեական դամբարանի հայտնաբերումն էր երկրորդ եկեղեցու արեւելյան խորանի տակ: Այն ունի արեմուտք-արեւելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային եւ հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր:  Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերեւս Աղցքի արքայական դամբարանի եւ Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ` վաղքրիստոնեական մշակույթում

Խիստ ուշագրավ է նաեւ երկրորդ եկեղեցու արեւմտյան եւ հյուսիսիային պատերի եւ սալահատակի պահպանված հատվածների բացումը, եկեղեցու արեւմտյան բակում տապանաբակի հայտնաբերումը, որն այսօր ներկայանում է սալարկղային եւ սարկոֆագային մեծադիր գերեզմաններով:

2014թ. պեղումներից հետո հստակորեն կարելի է վերականգնել Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակի գոյացման ընթացքը. սրբերի մասունքներով դամբարանի կառուցում, որի վրա հիմնվում է այդ սրբերին նվիրված եկեղեցին, ապա հուշակոթողի կառուցում նրանից հարավ-արեւելք, ապա քաղաքային մեծ եկեղեցու կառուցում սրբերին նվիրված եկեղեցու հարավային կողմում: Պեղումներն այս հատվածում երեւան են բերել նաեւ 12-13 եւ 10-11-րդ դարերի բնակելի-տնտեսակաան համալիրներ՝ տարատիպ թոնիրներով, տնետեսական հորերով, ամանեղենի եւ կենցաղային իրերի ուշագրավ օրինակներով»: