NEWS.am-ը զրուցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ: 

Պարոն Շաբոյան, օրեր առաջ հերթական աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էիք: Ի՞նչ խնդիրներ են քննարկվել ռուս գործընկերների հետ:

Նախ եւ առաջ նշեմ, որ մշտապես ակտիվ համագործակցության մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, տարվա ընթացքում տեղեկատվություն ենք փոխանակում, իրականացնում ենք համատեղ ուսումնասիրություններ եւ վարույթներ: Հատկապես արդյունավետ է մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության Հակամենաշնորհային ծառայության հետ: Այս անգամ հանդիպման նպատակը ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստն էր, որի աշխատանքներում մշտապես ներգրավված է նաեւ մեր Հանձնաժողովը: 

Կմասնավորեցնեք, թե կոնկրետ ի՞նչ վարույթներ կամ գործեր են քննարկվել ՌԴ մրցակցային մարմնի հետ: 

Վերջերս, օրինակ, համատեղ իրականացրել ենք գնագոյացման ուսումնասիրություններ՝ նավթամթերքի, ցորենի, դեղորայքի եւ մանրածախ առեւտրի ոլորտներում: Հատկապես կարեւորում եմ տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորությունը: Վերջերս մեր վարույթում էր ռուսական UTair ավիաընկերության վերաբերյալ գործը: Ընկերությունն անբարեխիղճ գործունեություն էր դրսեւորել՝ հրապարակելով, որ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի արժեքը կազմում է 49 եվրո: Սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ նման գին գոյություն չունի: Բայց քանի որ ընկերությունը Հայաստանի ռեզիդենտ չէ, եւ վարույթի իրականացման համար օրենսդրական խնդիր կար, ապա որոշեցինք նյութերը փոխանցել մեր գործընկերներին եւ հետեւել գործի ընթացքին: Պարզվեց, որ UTair-ը մի քանի անգամ արդեն հայտնվել է հակամենաշնորհային մարմնի տեսադաշտում եւ պատասխանատվության է ենթարկվել: Իսկ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո նման խնդիրները շատ ավելի արագ եւ արդյունավետ լուծում կստանան:

Ի՞նչ փուլում են Եվրասիական միությանն անդամակցության հետ կապված աշխատանքները՝ տնտեսական մրցակցության առումով:

Արդեն տեւական ժամանակ է՝ Հանձնաժողովը հանդիպումներ եւ խորհրդակցություններ է ունենում Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում: Դեպարտամենտի ներկայացուցիչներին եւս հյուրընկալել ենք մեզ մոտ՝ մեր երկրի մրցակցային օրենդրության ուսումնասիրման նպատակով: Ուսումնասիրվել է, մասնավորապես, օրենսդրական դաշտերի մոտարկման խնդիրը: Պետք է նշեմ, որ էական տարբերություններ չկան, քանի որ երկու դեպքում էլ հիմքում ներդրված է օրենսդրական նույն մոդելը:

Առաջիկայում ի՞նչ կոնկրետ կետեր կփոխվեն, որոնք այս կամ այն առումով կնպաստեն մեր երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը: 

Ինչպես արդեն նշեցի, էական փոփոխություններ չեն սպասվում. մի քանի տարի առաջ ՀՀ մրցակցային օրենսդրությունը բավական բարեփոխվել է: Այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ կլինեն՝ հիմնականում պատժամիջոցների  եւ որոշակի չափորոշիչների հետ կապված: Նշեմ, որ արդեն իսկ համաձայնեցվել են մի շարք կարեւոր կետեր, որոնք, իմ համոզմամբ, դրական կանդրադառնան հավասար մրցակցային դաշտի ապահովման վրա: Խոսքը պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին է, եթե վերջինների կողմից կամ աջակցությամբ ստեղծվեն շուկայի մուտքի խոչընդոտներ կամ ընդհանրապես մրցակցության օրենսդրության խախտում: Օրինակ, եթե տեղական իշխանության ներկայացուցիչները փորձեն զբաղվել հովանավորչությամբ, խոչընդոտեն որեւէ տնտեսվարողի գործունեությանը կամ խտրական պայմաններ ստեղծեն վերջինների համար: Ճիշտ է, գործող օրենդրությամբ էլ է դա արգելված, սակայն պաշտոնատար անձանց նկատմամբ  նյութական պատժամիջոցներ չկան: Նախատեսվում է, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը իրավասություն կունենա նրանց նկատմամբ կիրառել խիստ ֆինանսական պատասխանատվություն, որը, իհարկե, նման դեպքերում կարող է էականորեն զսպող գործոն հանդիսանալ:

Իսկ ի՞նչ մեխանիզմներ են նախատեսված միասնական տնտեսական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, հատկապես տեղական ընկերությունների շահերը պաշտպանելու համար: 

Անշուշտ, մեր գործընկերների հետ քննարկվող առաջնահերթ հարցերից մեկը վերաբերել է հենց մաքսային միասնական տարածքում տեղական արտադրողի շահերի պաշտպանության խնդրին: Այդ նպատակով մշակվել եւ արդեն իսկ կանոնակարգվել է մրցակցային ընդհանուր սկզբունքների եւ կանոնների մասին արձանագրությունը, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կվերահսկի միայն անդրսահմանային գործերը: Եթե, ասենք, հայկական որեւէ արտադրող առչնվում է մրցակցային խնդիրների ՌԴ տարածքում կամ հակառակը, երկու դեպքում էլ կարող է տվյալ գործով զբաղվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Այսօր մենք ոչ ռեզիդենտ իրավախախտ սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության որեւէ միջոց կիրառելու օրենսդրական լծակ չունենք: Համաձայնագրով կկարգավորվի այս խնդիրը, ինչը շատ ողջունելի է: Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ սա շատ կարեւոր քայլ է՝ տեղական ընկերությունների շահերը մաքսային ընդհանուր տարածքում պաշտպանելու եւ հնարավոր խոչընդոտները վերացնելու համար: Սրանով հայ գործարարները հնարավորություն են ստանում Եվրասիական միության այլ երկրներում աշխատել մրցակցային հավասար պայմաններում:

Զրուցեց` Արամ Գարեգինյանը