Երեւանի շատ շրջանների բնակիչներ արդեն առաջին ամիսը չէ, որ ստիպված են փորված մայթերն ու անցումները հաղթահարելով անցնել:
Նման երկարատեւ անհարմարավետության նպատակը բարի է՝ արդյունքում ստանալ քաղաքակիրթ մայթեր ու հարմար անցումներ:
Այն, թե որքան երկար են ընթանում աշխատանքները, եւ ինչու նախորդ օրվա ասֆալտը վաղը նույն աշխատողները կրկին վերանորոգում են, քննարկման առանձին թեմա է:
Թվում է, երկու ամսվա փոշուց ու հավելյալ խցանումներից հետո, երբ վերանորոգման որոշ հատվածներում աշխատանքը, հավանաբար, ավարտված է, կարող ենք որակյալ արդյունքի սպասել: Սակայն՝ ոչ:
Նոր ասֆալտապատված մայթերը հեռվից բարեկարգված են թվում: Բայց սա միայն տպավորություն է, որը նախատեսված է պաշտոնյաների աչքերի համար, որոնք նայում են ծառայողական մեքենաների մուգ ապակիներից: Իրականում պատկերը պակաս ուրախալի է:
Այսպես, քաղաքակիրթ ամբողջ աշխարհում թեքահարթակները նախատեսված են սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Բնականաբար, Երեւանում որոշել են հետ չմնալ ու մայթերը համապատասխան վերանորոգել: Սակայն եթե քաղաքի կենտրոնում թեքահարթակները կառուցել են ինչպես հարկն է, ապա հեռավոր շրջաններում դրանք ոչ ավելին են, քան «նշան» փաստաթղթերում:
Լուսանկարում ներկայացված են Մայիսի 9-ին փողոցում գտնվող թեքահարթակները: Եթե փողոցների բարեկառուցման համար պատասխանատու պաշտոնյաները բարեհաճեն դուրս գալ գրասենյակներից ու ծառայողական մեքենաներից, կարող են համոզվել՝ հիվանդասայլակը չի կարող հաղթահարել մայթն ու երթեւեկելի հատվածը բաժանող թեքահարթակը:
Միաժամանակ պաշտոնյաները կկարողանանա փողոցներում շրջել ու տեսնել բազմաթիվ կիսակառույց ճանապարհներ, քանդված մայթեր, հիանալ բակերի աղբակույտերով:




























