Տիեզերական Cassini սարքը, որը զբաղվում է  Սատուրնի  ուսումնասիրմամբ, դրա խոշորագույն արբանյակ Տիտանի  Լիգեյա ծովում  կրկին հայտնաբերել է անհայտ օբյեկտ, հայտնում է NEWSru.com-ը:  Ճիշտ է, «կղզու» չափերն ու ձեւը զգալի փոխված են:

Խորհրդավոր «կղզին» առաջին անգամ նկատվել էր 2013թ. հուլիսին, սակայն հետագա ամիսներին անհետացել էր: Սա ոմանց թույլ էր տվել ենթադրել, որ դա ժամանակավոր երեւույթ է:

Սակայն  2014թ. լուսանկարներում կղզին կրկին հայտնվել է՝ այլ ձեւով եւ չափով:

Ըստ ուսումնասիրողների՝ այն կարող է սառցաբեկոր կամ գազի պղպջակների կուտակում լինել: Հնարավոր է նաեւ՝ լուսանկարում արձանագրվել է փոթորիկ, ինչը բնավ բնորոշ չէ Տիտանի խաղաղ «ջրամբարներին»:

Աստղագետները անհայտ օբյեկտը «կախարդական կղզի» են կոչել, քանի որ առայժմ հստակ պատկերացում չունեն՝ ինչ է  արձանագրել Cassini-ն: Այնուամենայնիվ, այժմ ենթադրում են, որ այս երեւույթը կարող է սեզոնի փոփոխության հետ կապված լինեն. արբանյակի  Հյուսիսային կիսագնդում ամառն է մոտենում:

Տիտանում կա սեզոնափոխություն, բայց, ի տարբերություն երկրի, ամեն մի եղանակը ոչ թե երեք ամիս, այլ  երկրային 7 տարի է ձգվում:

Տիտանը Արեգակնային համակարգի ամենաանսովոր վայրերից է: Երկրից բացի, միայն դրա մակերեւույթին կա հեղուկ: Այն նաեւ խիտ մթնոլորտով միակ արբանյակն է: Գրավիտացիան այնքան թույլ է, որ մարդը թեւեր ամրացնելու դեպքում կարող է թռչել: Միաժամանակ, երկրային արարածները չեն կարող Տիտանում գոյատեւել առանց շնչառական հատուկ սարքավորումների. Այդ երկնային մարմնի մթնոլորտը հագեցած է երկրացիների համա թունավոր ջրածնի ցիանիդով: