Եթե Հայաստանի իշխանությունները չընդունեն ՀՅԴ-ի մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ապա Դաշնակցությունը նորից կմիանա խորհրդարանական ոչ իշխանական եռյակին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը»: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է եռյակը պառակտվի:
«Մենք բազմիցս ասել ենք, որ եռյակը կարող է վեցյակ դառնալ կամ մնան երկուսը, ոչինչ չի բացառվում: Քաղաքական ուժերի համագործակցությունն այսօր տեղի է ունենում սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ, օրինակ` հենց «Օրինաց երկիր»-ն էլ է որոշ հարցերի շուրջ մեզ հետ համակարծիք: Ինքս Դաշնակցության հետ որեւէ խնդիր չունեմ: ՀՅԴ-ն դուրս եկավ քառյակից Սահմանադրական բարեփոխումների շուրջ տարակարծիք լինելու պատճառով: Բայց եթե իշխանությունները Դաշնակցության մոտեցումները չընդունեն, ապա նրանք նորից կմիանան մեզ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ ՀՅԴ-ն «հրաշալի քառյակից» դուրս էր եկել սեպտեմբերի վերջին, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հոկտեմբերի տասի հանրահավաքին անդրադառնալու են Սահմանադրական բարեփոխումներին: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն կողմ է Սահմանադրական բարեփոխումներին: Լրագրողների հարցին, թե հոկտեմբերի 24-ին եռյակն ինչ է անելու Ազատության հրապարակում, Թեւան Պողոսյանը հորդորեց` այդ օրը գալ եւ տեսնել, թե ինչ կլինի. «Ցույց է լինելու, մնացածն ինքներդ կտեսնեք»:




























