«Իսլամական պետությունն» օրական մոտ 1 մլն դոլար է վաստակում սեւ շուկայում նավթի վաճառքից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգները՝ խոստանալով խիստ պատժամիջոցներ սահմանել նավթի գնորդների համար, «այդ թվում նաեւ միջնորդների համար Թուրքիայից», գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:
«Բացառությամբ պետությունների կողմից հովանավորվող մի քանի ահաբեկչական խմբավորումների, ԻԼԻՊ-ը, հավանաբար, լավագույնս ֆինանսավորվող ահաբեկչական կազմակերպությունն է, որի հետ մենք բախվել ենք»,- հայտարարել է ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Դեւիդ Քոենը:
Նա նշել է, որ ԻԼԻՊ-ը նավթը վաճառում է ցածր գնով տարբեր միջնորդների օգնությամբ, այդ թվում նաեւ Թուրքիայից, որոնք այնուհետ նավթը տեղափոխում են վերավաճառքի համար: «Ենթադրվում է, որ նավթի մի մասն այն տարածքից, որտեղ գործում է ԻԼԻՊ-ը, վաճառվել է Իրաքի քրդերին, այնուհետ վերավաճառվել է Թուրքիային»,- ասել է փոխնախարարը:
Սակայն Քոենը խոստովանել է, որ ԻԼԻՊ-ը նավթը վաճառում է տնտեսության ֆորմալ հատվածից դուրս անօրինական ցանցի միջոցով, ինչը բարդացնում է գործընթացին հետեւելը: «Մենք որ միայն ցանկանում են պոկել դրանք ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից ու սառեցնել դրանց հաշիվները, այլ նաեւ կարող են այնպես անել, որ նրանց համար դժվար լինի իրենց գործարքներն իրականացնող բանկ գտնել»,- ասել է նա:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է նաեւ գործել ընդդեմ նրանց, ովքեր ԻԼԻՊ-ին գումարներ են նվիրաբերում, ինչպես նաեւ կոչ են անում Քաթարի եւ Քուվեյթի պաշտոնական անձանց ավելի շատ միջոցառումներ կիրառել ահաբեկչությունը ֆինանսավորողների դեմ: Փոխնախարարի խոսքով՝ կարեւոր է սահմանափակել գրոհայինների մուտքը միջազգային ֆինանսական համակարգին:




























