ԼՂՀ ԱԺ 11 պատգամավոր, մտավորականներ, ազատամարտիկներ, դիմել են Հայաստանի Արդարադատության նախարարությանը՝ Սարգիս Հացպանյանի խնդրով: Նամակում մասնավորապես ասվում է. «Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն ինն ամիս գտնվում է բանտում: ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի օրենքը անհասկանալի պատճառներով առայսօր չի տարածվել Ս. Հացպանյանի վրա: Այն, որ նա մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին, սկզբում անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա՝ ԼՂՀ ՊԲ թիվ 49971 զորամասում (Մարտակերտի պաշտպանական շրջան), Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ…»:
Նամակի հեղինակները նաեւ նշում են, որ ծննդով Արեւմտյան Հայաստանից՝ նրա հայր Գեւորգ Հացպանյանը հայ ինքնության պաշտպանությանն առնչվող հարցերի պատճառով 11 տարի անցկացրել է Թուրքիայի բանտերում: Ֆրանսիայի քաղաքացի 84-ամյա Գեւորգ Ծերունի Հացպանյանը տառապում է երիկամների քաղցկեղով եւ այժմ գտնվում է մահամերձ վիճակում:
«Խնդրում ենք նաեւ մարդասիրական տեսանկյունից մոտենալ հարցին՝ ներում շնորհել Հայոց հողի կանչով ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու մեր մեծ Հայրենիքին նվիրված հայորդուն, մտավորականին՝ Սարգիս Հացպանյանին եւ հնարավորություն տալ գոնե վերջին անգամ տեսնելու իր հորն ու ստանալու նրա հայրական օրհնությունը: Այս պահին նժարի վրա է դրված ոչ միայն մարդու կյանքը, այլեւ մարդկայինի ու բարոյականի հանդեպ հավատը: Բոլորիս՝ նրա՛, մե՛ր, սերունդների՛ հավատը: Ու այդ հավատը անխաթար պահելու համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է դիմումի մեջ: Ի դեպ, դիմումի հեղինակները նաեւ նշել են, թե քանի որ նամակը ստորագրել են ԼՂՀ խորհրդարանի 11 պատգամավոր, այսինքն՝ խորհրդարանի 1/3-ը, փաստաթուղթը հավասազոր է ԼՂՀ ԱԺ որոշմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Սարգիս Հացպանյանը նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը մահափորձ են նախապատրաստում Սերժ Սարգսյանի դեմ: Հացպանյանին ձերբակալել էին սուտ մատնության մեղադրանքով եւ դատապարտել 3,5 տարվա ազատազրկման:



















