Հոկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հազարամյակների պատմություն ունեցող հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ հունական իշխանությունները մշտապես աջակցել են Հունաստանում հայկական համայնքի պահպանմանն ու զարգացմանը:
Նախարարը երախտագիտությամբ անդրադարձավ վերջերս Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստին, որի արդյունքում պատիժ է նախատեսվում այն անձանց համար, ովքեր դիտավորյալ կժխտեն մարդկության դեմ կատարված հանցագործությունը:
Հրանուշ Հակոբյանը նշեց, որ եւ՛ Հունաստանը, եւ՛ Հայաստանը աշխարհի տարբեր երկրներում մեծաթիվ Սփյուռք ունեցող երկրներ են, եւ այդ առումով օգտակար կլինի փորձի փոխանակումը, տարբեր երկրներում՝ որպես ազգային փոքրամասնություն հանդես եկող հայկական եւ հունական համայնքների հարաբերությունների սերտացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:
«Հունաստանում գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, հայոց եկեղեցիներ, տարբեր մշակութային խմբեր, - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով. «Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է տարբեր երկրների հայկական համայնքների օրեր Հայաստանում, որոնք յուրահատուկ հաշվետվություն են տարբեր երկրներում հաստատված մեր հայրենակիցների կողմից հայապահպանությանը նպաստող գործունեության վերաբերյալ»:
ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանի դեսպանին առաջարկեց կազմակերպել նաեւ հունահայ համայնքի օրերը Հայաստանում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոաննիս Տայիսը եւս կարեւորեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում երկու երկրների փորձի փոխանակումը:
Քննարկելով 2015թ. Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին Հունաստանի պատվիրակության մասնակցության հարցը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը եւ դրա հետեւանքների վերացումը նախեւառաջ կկանխարգելի աշխարհում որեւէ այլ ազգության եւ երկրի հանդեպ նման ոճիրի իրագործումը:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանի դեսպանին նվիրեց «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որտեղ ամբողջացված են աշխարհի բոլոր հայկական համայնքներում կառուցված Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողները:



























