Չեմ կարծում, որ Հայաստանի ԵՏՄ մտնելու վերաբերյալ դիրքորոշումները խորհրդարանական եռյակի համագործակցության ճանապարհին հիմնական խոչընդոտն են:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես չեմ լսել, որ խորհրդարանական եռյակից որեւէ մեկը գովաբանի Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է խոսել այդ մասին՝ որպես կայացած փաստի»,- հավելեց Մարտիրոսյանը:

Ի պատասխան դիտարկմանը, թե բացի  «Ժառանգության» անդամներից ոչ ոք համատեղ հանրահավաքներում ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ չի արտահայտվել, քաղաքական գործիչը նշել է, որ եռյակի մեջ մտնող յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումներն ունի արտաքին քաղաքականության հարցերում. «Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ մենք տարբեր մոտեցումներ ունենք, իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, այսինքն` իշխանափոխության հարցին, ապա քաղաքական երեք ուժերը շարունակում են համագործակցությունը»:

Իսկ հարցին՝ կան արդյոք այլ խոչընդոտներ եռյակի հետագա համագործակցության համար, Արմեն Մարտիրոսյանը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ եթե մեծ խոչընդոտներ լինեին, համագործակցություն չէր լինի: 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ խորհրդարանական եռյակի քաղաքական ուժերի ներկայացուցիչները քաղաքապետարան են ներկայացրել հոկտեմբերի 31-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում, սակայն, ըստ ստացված տեղեկության եւ հնչած հայտարարությունների, հանրահավաքը չի կայանա, Մարտիրոսյանը նշել է. «Չեմ կարծում, թե առաջիկա ուրբաթ օրը հանրահավաք կլինի: Արդեն երեքշաբթի է, իսկ հանրահավաք անցկացնելու որոշում մենք չունենք, մենք այդ հարցը չենք քննարկել: Մենք Երեւանի քաղաքապետարան դիմել ենք ապահովության համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ազատության հրապարակը մեր տրամադրության տակ լինի»: