Հոկտեմբերի 28-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի վերջնական գնահատման անկախ փորձագետներ Հենրիկ Ջեսսին եւ Արմինե Առաքելյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած տարիներին ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ ՔԾԽ-ի համագործակցության հիմնական արդյունքները, հետագա գործակցության ուղղությունները, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական եւ մեթոդոլոգիական աջակցության նոր մեխանիզմներ կիրառելու հնարավորությունները:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը արժեւորեց Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացված եւ նախանշված ինստիտուցիոնալ նշանակության բարեփոխումները, այդ ուղղությամբ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ ծավալված սերտ ու արդյունավետ աշխատանքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Հանրային ծառայության» մասին օրենքի ընդունմանը, պետական կառավարման ոլորտում շահերի բախման, եկամուտների, գույքի հայտարարագրման, հակակոռուպցիոն նշանակության այլ ինստիտուտների ներդրմանը, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի օժանդակությամբ մշակված եւ համակագային բարեփոխումների համար հիմնաքարային նշանակություն ունեցող «քաղաքականության փաստաթղթի» մշակմանը:
Պարոն Բադալյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ակնկալում է առաջիկայում այդ համագործակցության առավել սերտացում` հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայության համակարգը մտել է ինտենսիվ եւ արմատական վերափոխումների հարթություն, որտեղ առավել զգալի է լինելու եվրոպական փորձի համակողմանի ուսումասիրությունը, օժանդակությունը քաղաքացիական ծառայողների հեռավար ուսուցման մոդուլների ու ծարգրերի մշակման, ուսուցման կենտրոնի ստեղծման, օրենսդրական նոր փոփոխությունների մշակման գործընթացներում:




























