Մոտ 10 հազար մարդ Բուրկինա-Ֆասոյում մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն նոր իշխանություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ քաղաքի գլխավոր հրապարակում են հավաքվել ընդդիմության կողմնակիցները, որոնք դատապարտել զինվորականների կողմից իշխանության գրավումը:
Փոխգնդապետ Իսահակ Զիդան նոյեմբերի 1-ին տեղական ռադիոկայանի եթերից հայտարարել էր, որ իր վրա է վերցնում երկրի կառավարման գործառույթները: Բուրկինա-Ֆասոյի ռազմական վերնախավը պաշտպանել է նրա թեկնածությունը:
Արեւմտյան Աֆրիկայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Մուհամեդ իբն Չամբասն արդեն հայտարարել է, որ իշխանության եկած զինվորականները պետք է կառավարումը հանձնեն քաղաքացիական գործիչներին: Հակառակ դեպքում Բուրկինա-Ֆասոյի դեմ միջազգային հանրության պատժամիջոցների սպառնալիք ի հայտ կգա:
Հիշեցնենք, որ Բուրկին-Ֆասոյում մի քանի օր առաջ զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք պայմանավորված են նախագահ Բլեզ Կոմպաորեի փորձով փոխել սահմանադրությունը եւ այդ կերպ իրավունք ստանալ եւս մեկ անգամ ընտրվել նախագահի պաշտոնում: Նոյեմբերի 1-ին Բուրկին-Ֆասոյի բանակը պաշտոնանկ արեց երկրի նախագահին:




























