Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած փորձագիտական պատվիրակության հետ, որի կազմում են Լիոնի քաղաքաշինական գործակալության ճարտարապետ-քաղաքաշինարարներ, Լիոնի կանաչապատման գործակալության տնօրենը, տրանսպորտային ընկերությունների մասնագետներ։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե Երեւանի գլխավոր ճարտարապետը համոզմունք է հայտնել, որ այցի ժամանակացույցով նախատեսված հանդիպումները, ճանաչողական շրջայցերը, ապա թեմատիկ քննարկումները երկու քույր քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ, ծրագրեր են նախանշելու։

«Առաջիկա օրերին ձեզ կներկայացնենք Երեւանի քաղաքաշինական, կանաչապատման ու տրանսպորտի ոլորտներին վերաբերող մի շարք ծրագրեր ու մոտեցումներ, ինչի արդյունքում երկուստեք ակնկալում ենք գործնական նոր առաջարկությունների ձեւավորում»,- նշել է Տիգրան Բարսեղյանը։

Երեւան-Լիոն համագործակցության նախագծի համաղեկավար, Մեծ Լիոնի միջազգային հարաբերությունների վարչության ներկայացուցիչ Սյուզան Պաժը, ընդգծելով պատվիրակության կազմում տարբեր մասնագետների ընդգրկվածությունը, նշել է, որ Երեւանի եւ Լիոնի համագործակցությունը մեծ ներուժ ունի, հետեւաբար այցն առավելագույնս օգտավետ են դարձնելու՝ գործնական քայլեր կատարելու համար։