Գորիսում հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք մեղադրյալներ կան այս գործով, թե ոչ:
Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է ավտոմեքենայով հարվածել իր որդու՝ Վահագն Հայրապետյանի ավտոմեքենային:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 26-ի երեկոյան Գորիսում տեղի ունեցած վթարի առնչությամբ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե երեկոյան ճանապարհները սառած են եղել, այդ պատճառով էլ «Նիվան» հարվածել է «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենային: «Նիվան», ըստ պաշտոնական տեղեկության, վարել է մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, իսկ «Միթսուբիշիի» ղեկին 46-ամյա Վահագն Հայրապետյանն է եղել։ Վթարի հետեւանքով Նիկոլայ Աբրահամյանի ծնոտը ջարդվել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանապետը հերքել էր Գորիսում տարածված լուրերը, թե Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, կապ ունի վթարի հետ:




























