Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման, եւ սա կարեւոր է ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի համար: ԼՂՀ պաշտոնական տեսակետը չի կարող այլ լինել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն եւ ընդհանրապես, ԼՂՀ-ն պետք է միջազգային ճանաչում ունենա:

Ղուլյանը նշել է, որ արծարծվում է այն վարկածը, թե այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն,  կսկսվի Ղարաբաղի միջազգային ճանաչումը, իսկ ոմանք էլ մտածում են, որ Հայաստանը պետք է ամենավերջինը ճանաչի ԼՂՀ-ն:  «Կաեւորն այն է, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը սկսվել է»:

Խորհրդարանի խոսնակը նաեւ նշել է, որ վերջերս այս հարցը քննարկվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն իրենք դեմ են կուսակցության առաջարկած վարկածին: «Մեզ համար ընդունելի կլինի, երբ ՀՀ ԱԺ բոլոր խորհրդարանական խմբակցությունները մասնակցեն ԼՂՀ-ի ճանաչման այդ օրինագծի մշակմանը»: