Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող գերմանական ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց գրեթե մեկ երրորդը սիրելի ջինսն ավելի երկար է հագնում, քան տեւում են տղամարդկանց հետ նրանց ռոմանտիկ հարաբերությունները: Յուրաքանչյուր քսաներորդ կինն իր զուգընկերոջ հետ ավելի շուտ է բաժանվել, քան դեն է նետել սիրած ջինսը: Այս մասին գրում է The Hindustan Times-ը:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սիրած ջինսը հագել են միջինը 4 տարի եւ 4 ամիս: Հարցման յուրաքանչյուր հինգերորդ մասնակից դեն չի նետել սիրած ջինսը, եթե անգամ այն արդեն փոքր է եղել կամ դուրս է եկել նորաձեւությունից:

Յուրաքանչյուր քսաներորդ կին ջինսերը պահել է իր երեխաների համար: Հարցման մասնակիցների զգեստապահարանում առնվազն 10 ջինս է եղել, որոնցից նրանք կանոնավոր կերպով միայն 3-ն են հագել: Յուրաքանչյուր երրորդ կին գնելուց հետո առնվազն մեկ ջինս չի հագել: Գրեթե բոլոր կանանց զգեստապահարանում շուրջ 170 դոլար արժողությամբ դիզայներական ջինս է եղել:

Ըստ MedDaily-ի, հարցման մասնակիցներից յուրաքանչյուր տասներորդը ջինսերը լվացել է 3-6 ամիսը մեկ անգամ՝ ձգտելով պահպանել դրանց սկզբնական գույնն ու ձեւը: Իսկ յուրաքանչյուր քսանհինգերորդը ջինսերը լվացել է քացախով կամ պահել սառցարանում, որպեսզի դրանք նոր տեսք ունենան: