Իրաքի պատերազմին մասնակցած ամերիկացի զինծառայողները, ինչպես նաեւ զոհված զինվորների հարազատները հավաքական հայց են ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ ընդդեմ եվրոպական բանկերի, փոխանցում է Russian Today-ը:

Աղբյուրը հստակեցնում է, որ բրիտանական 4 բանկեր՝ Barclays, Standard Chartered, HSBC, Royal Bank of Scotland եւ  շվեյցարական  Credit Suisse-ը մեղադրվում են նրանում, որ սատարել են ահաբեկչական գործունեությանը:

Հայցադիմումի մեջ ասվում է, որ բանկային կազմակերպությունները, շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապօրինի գործարքներ են իրականացրել Իրանի բանկերի օգտին, որոնք, իրենց հերթին, 100 մլն դոլարից ավելի ուղղել են Իրաքի ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմանը: Հենց այդ խմբավորումներն էլ հարձակումներ են գործել ամերիկացի զինծառայողների վրա:

Նման դատավարությունը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ահաբեկչությանը հակազդելու մասին 1992թ. օրենքի շնորհիվ:

Ըստ դրա՝ ահաբեկչությունների զոհերը փոխհատուցում պահանջելու իրավունք ունեն նրանցից, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելու մեջ:

Ավելի վաղ այդ բանկերը համաձայնել էին Վաշինգտոնին մոտ 3,2 մլրդ վճարել՝ որպես Իրանի, Լիբիայի եւ Կուբայի  հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելու համար տուգանք: